ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնի խոսքով, «գործակալների մասին» օրենքը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության հակաժողովրդավարական շրջադարձի «սառցաբեկորի գագաթն է միայն»։
Այս հայտարարությունը նա արել է հունիսի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում` Հելսինկյան հանձնաժողովի նիստում, որտեղ տեղի են ունեցել Վրաստանի հարցով լսումներ՝ «Աջակցություն Վրաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը» խորագրով։
Ջո Ուիլսոնն ասել է, որ Վրաստանում ընդունված «գործակալների մասին» օրենքի նպատակը պարզ է՝ խարանել և խարխլել անկախ քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցները:
«Ավելի վատն այն է, որ այս «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը», կարծես, կառավարության հակաժողովրդավարական շրջադարձի սառցաբեկորի գագաթն է», — ասել է Ջո Ուիլսոնը՝ հիշելով իշխող թիմի ընդունած այլ օրենսդրական փոփոխություններ ևս, որոնք, ըստ նրա, ոչնչացնում են երկիրը։
Կոնգրեսականը ողջունել է Պետդեպարտամենտի հայտարարությունն իշխող թիմի անդամների համար մուտքի արտոնագրի արգելքի վերաբերյալ և կրկնել, որ պատժամիջոցներ պետք է կիրառվեն նրանց նկատմամբ, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարությունը և ճնշում են Վրաստանի քաղաքացիներին։