Հունիսի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների 63 երկրների նախաձեռնած «Աբխազիայից՝ Վրաստան և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիայից՝ Վրաստան, ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը:
Բանաձևին աջակցել են 103 պետություններ, ինչը մինչ այժմ գրանցված ամենաբարձր թիվն է։ Պատմության մեջ առաջին անգամ հարևան Հայաստանը ևս աջակցել է բանաձևին։
Բանաձևին դեմ է քվեարկել 9 պետություն, 52-ը՝ ձեռնպահ է մնացել։ Այդ թվում, ձեռնպահ է մնացել, և, հետևաբար՝ բանաձևին չի աջակցել Վրաստանի նոր ռազմավարական գործընկեր Չինաստանը: Իրանը նույնպես ձեռնպահ է մնացել քվեարկությանը մասնակցելուց։
Վրաստանն այս բանաձևը ներկայացնում է 2008 թվականից ի վեր՝ ռուս-վրացական պատերազմից հետո։ Անցյալ տարի բանաձևի աջակիցների թիվը 100 էր։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին արձագանքել է բանաձևի ընդունմանը և նշել, որ բանաձևը մեծ նշանակություն ունի հումանիտար հարթության առումով։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանի շրջանակներում հերթական անգամ ընդունել է «Աբխազիայից՝ Վրաստան և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիայից՝ Վրաստան, ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը՝ մինչ այժմ ամենաբարձր աջակցությամբ՝ 103 ձայն։ Բանաձևը մեծ նշանակություն ունի հումանիտար հարթության առումով։
Շատ շնորհակալություն միջազգային հանրությանը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դարչիաշվիլին: