Մայիսի 17-ը ոչ աշխատանքային օր է սահմանվելու

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, մայիսի 17-ը պաշտոնապես կսահմանվի որպես «Ընտանիքի սրբության և ընտանիքի նկատմամբ հարգանքի օր»: Մայիսի 17-ը, ըստ Պապուաշվիլիի՝ մշտապես կլինի ոչ աշխատանքային օր։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրինագծի փաթեթ է ներկայացնելու խորհրդարանում: Փաթեթը բաղկացած է մեկ հիմնական օրինագծից՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» և հարակից 18 օրինագծերից, որոնց միջոցով փոփոխություններ են կատարվելու «Քաղաքացիական օրենսգրքում», «Աշխատանքային օրենսգրքում», «Կրթության օրենսգրքում» և այլուր:

Ըստ քաղհասարակության՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը ԼԳԲՏ անձանց դեմ ֆաշիստական ​​իրավական ռեժիմի հաստատում է: Նրանց խոսքով, դա գրաքննության նոր ձև է և իրականում կազդի բոլորի վրա, ովքեր դասավանդում են գենդերային ժամանակակից տեսություններ, խոսում են այդ տեսություններից և սահմանում իրենց քաղաքական ու քաղաքացիական գաղափարները: Նրանց կարծիքով, օրինագծերն ավելի վատն են, քան Ռուսաստանում և Հունգարիայում սկսված հոմոֆոբ և ֆաշիստական ​​քաղաքականությունն է։