Քաղաքացիները կազատվեն COVID-19-ի շրջանում սահմանված տուգանքներից

Վրաստանի կառավարությունն աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, ըստ որի՝ մինչև 2000 մարդ կազատվի կորոնավիրուսի համաճարակի (COVID-19) ժամանակ սահմանված տուգանքներից։ Հարցը կքննարկվի կառավարության նիստում, ապա կուղարկվի խորհրդարան։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 1855 մարդ և 38 ընկերություն այլևս ստիպված չեն լինի տուգանք վճարել։ Ընդհանուր առմամբ, խոսքը 5 մլն 600 հազար լարիի մասին է։

«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր քաղաքացիները տուգանքների տակ են, որոնց գանձումը, մեր կարծիքով, միանգամայն անհիմն կլիներ»,- ասել է Կոբախիձեն։

Ի դեպ, կորոնավիրուսի կարգավորումները Վրաստանում չեղյալ են հայտարարվել շուրջ երկու տարի առաջ։ Համաճարակի ընթացքում՝ 2020 թվականի մարտից, Վրաստանում գործում էին խիստ սահմանափակումներ, ներառյալ` մեկուսացման, տեղաշարժի, հավաքների և դիմակների պարտադիր օգտագործման սահմանափակումները։

Վրաստանի խորհրդարանը կիրառված տուգանքների համար համաներում է հայտարարել նաև 2021 թվականին, թեև որոշ կարգավորումներ գործում էին նույնիսկ դրանից հետո։ Տուգանքները, որոնց չեղարկման հարցը քննարկվում է կառավարության նիստում, սահմանվել են հենց այս ժամկետից հետո։