Վրաստանում զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարների պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
«Ալիք Մեդիա»-ին տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026թ. հունվարի 1-ը»,- հայտնում են դեսպանությունից:
Ավելի վաղ՝ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունից հայտնել էին, որ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն ունենալու պարտավորությունը, որը նախատեսված է Վրաստանի «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածով, հետաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
Նշենք, որ օտարերկրյա զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարների պարտադիր ապահովագրությունը նախատեսվում էր իրականացնել 2024 թվականի հունիսի 1-ից։ Նշված ամսաթիվը պայմանական էր և պաշտոնապես չէր հաստատվել։
Հարկ է նշել, որ ճանապարհորդական ապահովագրությունը գործում է ամբողջ աշխարհում և ծածկում է ճանապարհորդության ընթացքում առողջության հանկարծակի վատթարացման, դեղորայքի անհրաժեշտության, շտապ տրավմատոլոգիական կամ վիրաբուժական միջամտության հետևանքով առաջացած ծախսերը։