ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների միջազգային գրասենյակը» (ԺՀՄԻԳ) հրապարակել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «գործակալների օրենքի» իրավական վերլուծությունը և գրել, որ այն անհամատեղելի է թե՛ ժողովրդավարական չափանիշներին, թե՛ մարդու իրավունքների օրենսդրությանը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իրավական գնահատման փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում «Թափանցիկության մասին» նոր հաստատված օրենքը լուրջ թերություններ է պարունակում, ինչն անհամատեղելի է դարձնում այն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և որպես ԵԱՀԿ անդամ երկրի պարտավորություններին։ Եզրակացության համաձայն՝ Վրաստանի կառավարությունը պետք է հետ կանչի օրենքը։
Ըստ եզրակացության՝ օրենքը, որը քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներին սահմանում է որպես «օտար տերության շահերի կրող» միայն դրսից ստացված ֆինանսավորման պատճառով, չի կարող բավարարել մարդու իրավունքների օրենսդրության խիստ պահանջները։ Փաստաթղթում նշվում է, որ օրենքը չի ծառայում մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում նշված օրինական նպատակին:
ԺՀՄԻԳ-ի վերլուծությունը նաև ընդգծում է կարևոր տարբերությունները Վրաստանում ընդունված և այլ երկրներում գործող օրենսդրության միջև:
«Օրինակ, Միացյալ Նահանգների օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA) կամ Ավստրալիայի արտաքին ազդեցության թափանցիկության սխեմայի ակտը սկզբունքորեն տարբերվում են իրենց հստակ նպատակներով և շրջանակներով: Այդ օրենքներն ուղղված են մասնավոր ընկերությունների կամ ոչ առևտրային կազմակերպությունների հանրային գրանցման ապահովմանը, որոնք ուղղակիորեն ներգրավված են օտարերկրյա կառավարությունների անունից շահերի պաշտպանության կամ լոբբիստական ջանքերի մեջ, և այս օրենքները բոլոր քաղաքացիական հասարակությանը կամ լրատվամիջոցներին միայն օտարերկրյա ֆինանսավորման պատճառով չեն պիտակավորում որպես օտարերկրյա ներկայացուցիչներ»,- նշված է եզրակացության մեջ։