Բագեբի-Մաղլիվի փողոցները կապող կամուրջը բացվել է

Այսօր՝ մայիսի 30-ին, բացվել է Բագեբի թաղամասը Սաբուրթալո թաղամասին կապող կամուրջը: Ավելի կոնկրետ՝ կամուրջը միմյանց է կապում «Բագեբի»-ի և «Համալսարանի» (Ունիվերսիտետիս) փողոցները (Թբիլիսիի պետական համալսարանի «Մաղլիվի» կորպուսի փողոցը- հեղ.):

Նոր կամուրջն ունի 260 մետր երկարություն և բաղկացած է չորս երթևեկելի գոտուց։ Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ դեպի կամուրջ մուտքի ճանապարհներ և տրանսպորտային հանգույցներ են կազմակերպվել ինչպես «Համալսարանի» փողոցի կողմից, այնպես էլ «Բագեբի» բնակավայրի կողմից՝ Թբիլիսի-Ծղկնեթի մայրուղու կողմից։ Ծկղնեթի մայրուղուց մինչև «Համալսարանի» փողոց նոր ճանապարհային կամրջով հեռավորությունը 532 մետր է։

Ի դեպ, կամրջի բացմանը ներկա են եղել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կալաձեն շնորհակալություն է հայտնել «Քոնսթրաքշն սերվիս» ընկերությանը, որն աշխատել է նոր կամրջի նախագծի վրա։

Հիշեցնենք. կամրջի շինարարությունը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Ընդհանուր առմամբ, ծրագրի արժեքը կազմել է 36 մլն 400 հազար լարի։

Կալաձեն խոստացել էր կամուրջը կառուցել դեռ 2017 թվականին՝ առաջին ժամկետով Թբիլիսիի քաղաքապետ ընտրվելուց առաջ։ Ավելի ուշ Կալաձեն խոստման չկատարումը բացատրել է համաճարակով, որը սկսվել է 2020 թվականին։

Կամրջի շինարարությունն ավարտվել է Կալաձեի քաղաքապետության երկրորդ ժամկետում։