Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիայի խորջրյա նավահանգստի ներդրողին բացահայտելու միջազգային մրցույթում իր առաջարկն է ներկայացրել միայն մեկ չինական-սինգապուրյան հոլդինգ։
Դավիթաշվիլին ասել է՝ հայտը ամբողջությամբ լրացված է, «մեծ շանսեր կան, որ հանձնաժողովն այս հոլդինգին հայտարարի որպես հաղթող։ Դրա համար մի քանի պարզաբանումներ են պետք, և, կարծում եմ՝ մի քանի օրից կհայտարարենք հաղթողին»։ Ըստ նրա՝ առաջարկը ներկայագրել է CCC ընկերությունը, որն ունի երկու կապալառու՝ CRBC-ն և Chingao Port International-ը։
Ուշագրավ է նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Դավիթաշվիլին հայտարարել էր, որ 4 ընկերություն ցանկություն է հայտնել տիրել Անակլիայի նավահանգստի 49 տոկոս բաժնեմասին, և նրանցից երկուսը՝ չինական-սինգապուրյան և շվեցարա-լյուքսենբուրգյան կոնսորցիուները, անցել են եզրափակիչ փուլ: Նախարարը, սակայն, այսօր՝ մայիսի 29-ին, հայտարարեց, որ առաջարկը ներկայացրել է միայն չինական-սինգապուրյան հոլդինգը:
Ի դեպ, 2020 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ խզում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ խորջրյա նավահանգստի կառուցման ներդրումային համաձայնագիրը, քանի որ կոնսորցիումը չի կատարել ներդրումային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Կոնսորցիումը հերքում է դա և Վրաստանի կառավարությանը մեղադրում է ռազմավարական նախագիծը նպատակաուղղված խափանելու մեջ։
«Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ առաջին պայմանագիրը խզելուց հետո պետությունը խոստացել է սեփական միջոցներով կառուցել Անակլիայի նավահանգիստը։ Կառավարության տվյալներով՝ ներդրողը նավահանգստում կունենա միայն 49 տոկոս բաժնեմաս։