Թելավիի սակրեբուլոյի (ավագանի) պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Լևան Բերձենաշվիլին «Գործակալների մասին օրենքի» ընդունման պատճառով կլքի կուսակցությունը և իր պաշտոնը սակրեբուլոյում։ Բերձենաշվիլին ղեկավարում է ընթացակարգային և իրավական հարցերի հանձնաժողովը։
Բերձենաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ մինչև այս տարվա հունիսի 10-ը արձակուրդի մեջ է, իսկ սակեբուլո վերադառնալուն պես կհեռանա «Վրացական երազանքից» և կլքի իր պաշտոնը։
Բերձենաշվիլին այս տարվա ապրիլի 26-ին քաղխորհրդի նիստում խոստացել էր, որ եթե իշխող թիմը հետ չկանչի «արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը», ինքը կհեռանա կուսակցությունից։
Մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության 84 պատգամավորների աջակցությամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը։