Կոնգրեսը հիասթափված է Վրաստանում «ռուսական ոճով» օրենքի ընդունումից

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարմանն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներն ակնհայտ բացասական են արձագանքել:

Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հիասթափված է «Վրացական երազանքի» որոշումից, սակայն վետոյի հաղթահարումից չի զարմացել: Շահինի խոսքով՝ Սենատ ներկայացված «Վրաց ժողովրդի ակտը» պատասխանատվություն կապահովի նրանց համար, ովքեր սպառնում են Վրաստանում ժողովրդավարությանը և արհամարհում վրաց ժողովրդի մեծամասնության ցանկությունները։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Կարդինը Վրաստանի կառավարության կողմից «ռուսական ոճով» օրենքի ընդունումը տխուր օր է անվանել Վրաստանի համար։ Դեմոկրատ սենատորի խոսքով՝ Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել, որ թույլ չի տա Իվանիշվիլիին (նկատի ունի՝ Բիձինա Իվանիշվիլիին, իշխող կուսակցության պատվավոր նախագահին-հեղ.) ոչնչացնել ժողովրդավարությունը և խլել եվրոպական ապագան։

Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն