ՀԿ-ները անհնազանդություն են հայտարարում

Վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) խորհրդարանի մոտ տեղադրված բեմից դիմել են «գործակալների օրենքին» դեմ ցույցի մասնակիցներին և համատեղ հայտարարություն ներկայացրել: Խորհրդարանական մեծամասնության կողմից օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարումից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ «ռուսական օրենքը Վրաստանում չի գործի»։ Ըստ նրանց՝ դա կմնա թղթի կտոր, որին ոչ ոք չի ենթարկվի։

«Իշխանությունը գիտակցաբար սպառնալիք է ստեղծել մեր երկրի տնտեսության, միջազգային հեղինակության, քաղաքացիական կարգի ու խաղաղության համար։ Դա միտումնավոր են արել, որպեսզի այս երկրի քաղաքացիներն այլևս չկարողանան օգնել միմյանց։ Բայց մենք 55 օր է ապացուցում ենք, որ մարդիկ երբեք չեն հոգնում իրենց երկիրը սիրելուց։ Մեր բողոքն ու պայքարը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այս օրենքը չեղյալ չի հայտարարվել»,- նշել են ՀԿ-ները:

ՀԿ-ները հայտարարել են՝ չեն ենթարկվելու «գործակալների օրենքին» և շարունակելու են նաև իրավաբանական օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։ Քաղաքացիական հասարակության անդամները հայտարարել են, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու բոլոր ընտրատեղամասերում։

«Սա Վրաստանն է: Մենք չենք ռուսանալու։ Վրացի ժողովուրդը ևս մեկ անգամ և առաջին անգամ չէ, որ հիացնում է ողջ աշխարհին իր ազատության համար պայքարով։

Մենք անհնազանդություն ենք հայտարարում. ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»,- նշել են ՀԿ-ները:

Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն