Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրված վետոյի հաղթահարումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը Վրաստանի հարցով ճեպազրույց է անցկացրել:
Ըստ Միլլերի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունները և հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հետագծին, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ անդամակցությանը, ինչպես նաև վտանգի տակ են դնում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները։
«Այսօր Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց «Օտարերկրյա գործակալների» հակաժողովրդավարական օրենքի վրա դրված վետոն, որը հակասում է եվրոպական նորմերին, և այդպիսով` օրինագիծը դարձավ օրենք։ Այս օրենքի ընդունմամբ՝ իշխող «Վրացական երազանքը» երկիրը հեռացնում է եվրաինտեգրման ուղուց և անտեսում է մի քանի շաբաթ շարունակ այս օրենքի դեմ փողոցում կանգնած մարդկանց եվրատլանտյան ձգտումը»,- ասել է Միլլերը:
Անդրադառնալով անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ վիզային ռեժիմի արգելքների և ամերիկա-վրացական համապարփակ համագործակցության վերանայման վերաբերյալ հայտարարությանը՝ Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ը որոշում կկայացնի՝ հաշվի առնելով «Վրացական երազանքի» գործողությունները։
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն