Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն, որը հայտնի է որպես «ռուսական օրենք» և «գործակալների օրենք»:
Վետոյի հաղթահարմանը կողմ էր 84 պատգամավոր, դեմ՝ 4-ը։ «Ռուսական օրենքի» վրա դրած վետոյի հաղթահարմանը կողմ քվեարկող 84 պատգամավորների շարքում են նաև Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Նրանք կողմ էին քվեարկել նաև օրենքի ընդունման երեք լսումների ժամանակ: Վետոյի հաղթահարմանը կողմ քվեարկած մյուս պատգամավորների ցանկը հասանելի է այստեղ:
Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ 5-օրյա ժամկետում ստորագրի Զուրաբիշվիլին։ Հակառակ դեպքում օրինագիծը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։
«Գործակալների մասին օրենքը» օտարերկրյա տերության շահերը կրող կազմակերպություններ է հռչակում հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է։ Նրանք պետք է գրանցվեն հատուկ ռեեստրում և ամեն տարի լրացնեն ֆինանսական հայտարարագիր։ Հակառակ դեպքում առաջին անգամ կտուգանվեն 25 հազար լարի։
Օրենքի հրապարակումից հետո Արդարադատության նախարարությունը և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օր կունենան «օտար տերության շահերը կրող կազմակերպությունների» ռեեստր ստեղծելու համար։ Երբ այս փուլն ավարտվի, «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը կդառնա պարտադիր։
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն