Այսօրվանից՝ 2024 թվականի մայիսի 28-ից, Վրաստանի քաղաքացիները կարող են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնել առանց վիզայի։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական սահմանը հատելիս Վրաստանի քաղաքացին պետք է ունենա անձնագիր, որի վավերականության ժամկետը պետք է գերազանցի Չինաստանում գտնվելու ժամկետն առնվազն 6 ամսով, ինչպես նաև` հյուրանոցի ամրագրում և ճանապարհորդական ապահովագրություն։ Հարկ է նշել, որ ինչպես մյուս երկրներում` սահմանապահն իրավունք ունի միանձնյա որոշում կայացնել անձին երկիր թողնելու վերաբերյալ։
Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է առանց վիզայի Չինաստան մուտք գործել և երկրում մնալ 30 օր: Նշենք, որ Վրաստանի քաղաքացու՝ Չինաստան առանց վիզայի մեկնելու և երկրում գտնվելու տևողությունը 180 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 90 օրը:
Ի դեպ, Վրաստանը Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել 2023 թվականի սեպտեմբերի 11-ից։
Հիշեցնենք. 2023 թվականի հուլիսի 31-ին Վրաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն հրապարակեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։
ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել էր Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և հայտարարել, որ շարունակելու են հետևել հետագա քայլերին։ Պետդեպը նշել է՝ ոչինչ չունեն Վրաստանում այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներդրումների դեմ:
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել էր Չինաստանի հետ Վրաստանի կառավարության մերձեցման քաղաքականությունն այն բանից հետո, երբ հրապարակվեց Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարությունը։
Վրացի վերլուծաբանների գնահատմամբ՝ Վրաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության և երկու երկրների միջև կապերի խորացումը շատ նենգ ու վտանգավոր ծրագիր է: Ըստ նրանց՝ գործ ունենք Վրաստանի շահերի վաճառքի հետ: Վերլուծաբանների կարծիքով, չինացիները Վրաստանում ռազմավարական շահեր չունեն, սա նրանց «լիցքավորման» ճանապարհն է: