ԵՄ անդամ յոթ երկրների (Չեխիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Լեհաստան) խորհրդարանների նախագահները Վրաստանի խորհրդարանին կոչ են արել հետ կանչել «գործակալների օրենքը» և ներառական երկխոսության ներգրավել քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին:
Նրանք նաև կոչ են արել հարգել հավաքների հիմնարար իրավունքը և դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին ուղղված հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանում ընդունված վերջին որոշումներն «անհանգստացնող» են իրենց համար։ Նրանց իսկ գնահատմամբ՝ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են այն արժեքներին ու սկզբունքներին, որոնցով Վրաստանը պարտավորվել է առաջնորդվել։
«Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա թափանցիկության մասին օրենքի» ոգին և բովանդակությունը անհամատեղելի են եվրոպական նորմերին ու արժեքներին։ Օրենքը կլռեցնի ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք կարևոր դեր են խաղում ժողովրդավարական հասարակության մեջ և գործիք են հանդիսանում Վրաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին»,- գրված է հայտարարության մեջ:
Մայիսի 14-ին, չնայած արտասահմանյան գործընկերների զանգվածային դժգոհությանը և կոչերին, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը», իսկ մայիսի 18-ին նախագահը վետո դրեց դրա վրա և կրկին անվանեց «ռուսական օրենք»։
Չնայած օրենքի դեմ Վրաստանում հազարավոր բողոքի ակցիաներին և Արևմուտքի կոչերին, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի քննադատական եզրակացությանը, «Վրացական երազանքը» չի պատրաստվում հրաժարվել օրենքից։
Խորհրդարանը, որում մեծամասնություն է կազմում «Վրացական երազանքը», նախատեսում է երեքշաբթի՝ մայիսի 28-ին նախատեսված լիագումար նիստում, հաղթահարել վետոն։