Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն աջակցել է «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը։ Հանձնաժողովի անդամների մեծամասնությունն իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի անդամներն են։ Հարցը քննարկվել է այսօր՝ մայիսի 27-ին։
Հանձնաժողովի նիստում մեծամասնության ներկայացուցիչները վետոյի պատճառները ներկայացնող նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեից պահանջել են հոդվածով վերանայել օրենքի նախագիծը, ինչից Մսխիլաձեն հրաժարվել է։
Խորհրդարանը պատրաստվում է վաղը՝ մայիսի 28-ին, լիագումար նիստում քննարկել վետոյի հաղթահարման հարցը։
Ի դեպ՝ մայիսի 14-ին, չնայած արտասահմանյան գործընկերների կոչերին և զանգվածային բողոքներին, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը», իսկ մայիսի 18-ին նախագահը վետո դրեց դրա վրա՝ այն անվանելով «ռուսական օրենք»։