«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հետընթաց է Վրաստանի ժողովրդավարության համար և հակասում է նրա ձգտումներին ու արժեքներին՝ կապված ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։ Այս մասին նշված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է՝ եթե օրենքը կիրարկվի, ապա այն լրջորեն կվնասի խոսքի և միավորումների ազատությանը և կխաթարի Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությանն ու մեդիա դաշտին: Նշում են նաև, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» (հայտնի է որպես «գործակալների օրենք»-հեղ.) օրենքը պետք է չեղյալ համարվի:
«Մի քանի օրից ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կարևոր գործընկերությունը մեր ասոցացված անդամ Վրաստանի հետ կդառնա 25 տարեկան։ Այս հարաբերությունների կարևորությունն արտացոլված է Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի միջոցով: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ձգտումներին: Մենք Վրաստանը ճանաչել ենք որպես թեկնածու երկիր՝ պայմանով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի և վրաց ժողովրդի ընտրած և սահմանադրությամբ ամրագրված ճանապարհն է։
Այնուամենայնիվ, ընդհանուր ժողովրդավարական արժեքները ՆԱՏՕ-ի դաշինքի հիմքն են, և այդ արժեքների նկատմամբ հարգանքը անհրաժեշտ պայման է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ կրկին ներկայացնելով և ընդունելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, Վրաստանի կառավարությունը դրժել է սեփական ժողովրդին և միջազգային գործընկերներին տված խոստումը։