Նախագահն ընտրություններից առաջ համախմբում է կուսակցություններին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթում խոսել է «վրացական խարտիա» ստեղծելու, դրա շուրջ կուսակցություններին համախմբելու մասին։

«Գիտեմ, որ շատերը չեն հավատում նախընտրական խոստումներին։ Քաղաքական գործիչների հանդեպ վստահությունը կորել է։ Այնուամենայնիվ, ժամանակը չէ տրվելու նիհիլիզմին, ագահությանը և անհատական ​​քաղաքական հավակնություններին։ Այս ամենը հաշվի առնելով՝ ներկայացնում եմ գործողությունների ծրագիր՝ «վրացական խարտիա», որի շուրջ համախմբվելու կոչ եմ անում քաղաքական կուսակցություններին»,–ասել է նախագահը։

Զուրաբիշվիլին առաջարկել է խարտիան ստորագրել բոլոր այն քաղաքական կուսակցություններին, որոնք պատրաստ են հաջորդ գումարման խորհրդարանում կատարել դրանում նախանշված պարտավորությունները, որոնք օդում տրված խոստում չեն լինի։

«Խարտիան ստորագրելուց հետո կուսակցություններն ինքնուրույն կորոշեն՝ ինչպիսին է լինելու իրենց ընտրական մարտավարությունը, դա ինձ այլևս չի վերաբերի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ստեղծված քաղաքական իրավիճակն ու ընտրական միջավայրը թույլ չեն տալիս անցկացնել սովորական ընտրություններ, որտեղ յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի ներկայացնելու իր դեմքը, ծրագիրը, ինքնությունը, նշել է նախագահը և շարունակել,–

«Գալիք ընտրություններում, քանի որ մենք պետք է որոշենք ոչ թե ում, այլ ինչի ենք ընտրում, այդ իսկ պատճառով ընտրություններն իրականում լինելու են համաժողովրդական հանրաքվե՝ մենք ուզում ենք Եվրոպա, թե՝ ոչ»։

Երկրի նախագահի համոզմամբ՝ քվեարկելով խարտիայի ստորագրած կողմերից որևէ մեկի օգտին, փաստացի «քվեարկելու ենք Վրաստանի խարտիայի օգտին, հետևաբար նաև՝ Եվրոպական ապագայի օգտին»։