Այսօր՝ մայիսի 26-ին, քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի ֆիլհարմոնիայի դահլիճի մոտ և Ճավճավաձեի փողոցով երթով շարժվում են դեպի Վակեի այգի։
Երթուղին խորհրդանշական է․ 1919 թվականին Անկախության հռչակագրի առաջին տարեդարձի առիթով երթը անցել է նույն այդ ճանապարհով։
Այսօրվա երթի կազմակերպիչները նշում են, որ Խորհրդային Միության կազմում Վրաստանի բռնի ներկայության ողջ շրջանը նշանավորվել է արյունալի տեռորով և բռնաճնշումներով: Նրանք հայտարարում են, որ Վրաստանի դեմ գաղտնի պատերազմը շարունակվում է ցայսօր. «Նպատակը՝ խոչընդոտել Վրաստանի ազատության և ժողովրդավարության ձգտումը»:
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։
1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած կուսակցությունը։
1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց: Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։
1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի հիման վրա Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Նույն թվականի մայիսի 26-ին Վրաստանն ընտրեց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։