Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհը փակ է։ Մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։
Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանը «Ալիք Մեդիային» փոխանցեց, որ շրջկենտրոնից դեպի գյուղ տանող միակ ճանապարհին, որը նաև հայ-վրացական միջպետական ճանապարհ է հանդիսանում, ընթանում են կամրջի շինարարական աշխատանքները, իսկ «եղած ժամանակավոր ճանապարհը՝ գետի վրա, հեղեղը քշել, տարել է»․
«Հիմա ավտոմեքենայով ճանապարհն անցնելու և շրջկենտրոն հասնելու որևէ հնարավորություն չկա, եթե հիվանդանոց գնալու կարիք լինի, կամ շտապ օգնության ժամանելու անհրաժեշտություն, հնարավոր չի լինի», — ասում է Հրանտը։
Աղքյորփի գյուղից Մելսիկ Վարդումյանն ահազանգում է, որ Աղքյորփի գյուղը ևս եղանակի պատճառով ստեղծված աղետի պատճառով մեծ վնասներ է կրել, մեկուսացվել․
«Աննախադեպ հեղեղ է տեղի ունեցել, ծառեր են ընկել, մարդիկ անցնել չեն կարող, ջուրը շատ է բարձրացել։ Գյուղը երկու մասի է բաժանվել, անգամ շատ աշակերտներ դպրոց գնալ չեն կարողանա, հատկապես նրանք, ովքեր գետի մյուս կողմում են ապրում։ Ավտոբուսը ևս, որը Մառնեուլիի հետ էր կապում գյուղի ժողովրդին այսօր չի կարողացել գյուղից դուրս գալ», — ասում է բնակիչը։
Ստեղված խնդրի շուրջ կապ հաստատեցինք նաև Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանի հետ, վերջինս պարզաբանեց․ «Ջուրը անհավանական մակարդակի է հասել։ Գիշերվանից տեղում եմ, ինքս հսկում եմ իրավիճակը, սպասում ենք ջրի մակարդակը գոնե մի քիչ էլ իջնի, որ կարողանանք տեխնիկան գործի դնելով լուծել խնդիրը։ Ժամեր է հարկավոր, ժամերի ընթացքում կլուծվի ամեն ինչ։ Մարդկային վնասներ, բարեբախտաբար, չունենք»։