Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Կոբախիձե–Վարհեյ սկանդալին։
Մոսկվա թերևս միակն է, որ պաշտպանում է Վրաստանի վարչապետի դիրքորոշումը, թե եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը սպառնացել է Կոբախիձեին․ Վրաստանի քաղհասարաակությունը, արևմտյան գործընկերները քննադատում են Կոբախիձեին։
«Եվրամիության հանձնակատարները չափազանց շատ են, նրանք անընդհատ փոխվում են ու հիմարություններ են խոսում։ Ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչ ասել են ԵՄ որոշ հանձնակատարներ։ Եթե Կոբախիձեի հայտարարությունը ճիշտ է, ապա մենք Վարհեյի պահվածքը չենք կարող անվանել այլ կերպ, քան քաղաքական անհավասարություն։ Այսքանը»,- ասել է Պուտինը՝ փորձելով համեմատել «գործակալների մասին» աղմկահարույց օրինագծի հետ կապված վրաստանյան զարգացումները Սլովակիայում ընթացող քաղաքական գործընթացների հետ։
Մայիսի 23-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր, որ հարևանության և ընդլայնման հարցերով Հունգարիայի հանձնակատար Օլիվեր Վարհելյը սպառնացել է իրեն։ Կոբախիձեն նկատել էր՝ Վարհեյը ասել է, թե «գործակալների մասին» օրենքի վետոն հաղթահարելուց հետո իրեն սպառնում է նույն ճակատագիրը, ինչ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Հունգարացի եվրահանձնակատարի խոսքով՝ իր և Կոբախիձեի զրույցն աղավաղված է ներկայացվել։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ Վարհեյը մտահոգություն է հայտնում, որ իր հեռախոսազրույցի մի հատվածն ամբողջությամբ հանվել է համատեքստից։
«Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը բերել եմ որպես օրինակ և ցուցում, թե ուր կարող է մեզ տանել հասարակության բևեռացվածության նման բարձր մակարդակը»,- պարզաբանել է եվրահանձնակատարը՝ կրկին Վրաստանի իշխանություններին կոչ անելով չընդունել «Գգործակալների մասին օրենքը»։
Նշենք նաև, որ երեկ Թբիլիսիում հերթական լայնածավալ ցույցն է անցկավել ընդդեմ «գործակալների մասին օրենքի»։ Ցույցին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, ուսանողներ, ուսուցիչներ և այլն: