Թբիլիսիում հերթական լայնածավալ ցույցն է անցկացվում ընդդեմ «գործակալների մասին օրենքի»։ Մասնակիցները բողոքի ցույցը սկսել են երթով՝ Ազատության հրապարակից անցել Քուռ գետի աջ ափով դեպի ՆԳՆ–ի շենք։
Հանրահավաքի մասնակիցները մեծ պաստառ են պարզել՝ «Ծառայե՛ք Վրաստանին» մակագրությամբ, նրանք ծածանում են Վրաստանի, Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Հանրահավաքով քաղաքացիները բողոքում են ՆԳՆ քաղաքականության դեմ, երբ «գործակալների մասին օրենքի» դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ գրանցվում են բերման ենթարկելու, տուգանելու և վարչական գործեր հարուցելու դեպքեր։
Ցուցարարները պարզել են վերջին մի քանի շաբաթների հանրահավաքներում հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկված ցուցարարների, ֆիզիկական բռնության ենթարկվածների լուսանկարները։
Մայիսի 27-ին խորհրդարանի իրավական հանձնաժողովը կքննարկի «գործակալների օրենքի» վրա նախագահի դրած վետոն։