Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Վելոկվան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ Վրաստանում ընդունված «գործակալների օրենքը» նման է այն օրենքներին, որոնք ընդունվել են Ռուսաստանում, Ղրղզստանում և Հունգարիայում։
Վելկովան ասել է, որ «գործակալների օրենքը» չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ուստի պետք է չեղյալ համարվի։
«Կա երկու տեսակի օրենք. առաջինը, որը վերաբերում է իրավաբանական անձանց, ովքեր գործում են օտարերկրյա դերակատարների ցուցումով, այսինքն՝ լոբբինգի մասին օրենքը։ Դրա օրինակն է ԱՄՆ գործող FARA-ն։ Երկրորդը՝ կան օրենքներ, որոնք վերաբերում են իրավաբանական անձանց նրա համար, որ այդ իրավաբանական անձինք ֆինանսավորում են ստանում արտասահմանից: Նման օրենքներ ընդունվել են Ռուսաստանում, Ղրղզստանում և արժանացել Վենետիկի հանձնաժողովի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի քննադատությանը: Վրացական օրենքը հենց այս 2-րդ տեսակին է պատկանում»,- formulanews-ի փոխանցմամբ՝ ասել է Վելոկվան:
Ըստ նրա՝ Վրաստանում ընդունված օրենքը ռուսականին է նման: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը բավականին պարզ է. «Վետոյից հետո այն չպետք է ընդունվի։ Եթե Վրաստանում կարծում են, որ կան իրավաբանական անձինք, որոնք գործում են օտարերկրյա դերակատարների հրահանգով և համարում են, որ լոբբինգի մասին օրենքը բավարար չէ, կարող են վերանայել օրենքը, և Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է օգնել»: