Վրաստանի քաղաքացիություն ստանալը հեշտացել է. մանրամասներ

Վրաստանի քաղաքացիության վերականգման և քաղաքացիություն ստանալու կարգում փոփոխություններն ուժի մեջ են մտել: «Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքում» փոփոխությունները գործում են մայիսի 1-ից:

Ըստ նոր փոփոխության՝ 2024 թվականի մայիսի 1-ից Վրաստանի քաղաքացիությունը վերականգնել կամ քաղաքացիություն ստանալ ցանկացողները նախ թեստավորում կանցնեն, որը բարեհաջող անցնելու դեպքում՝ կլրացնեն դիմումն ու կվճարեն համապատասխան գումարը: Ավելի կոնկրետ՝

  1. Քաղաքացիություն ստանալու/վերականգնելու համար դիմողները կկարողանան վրացերենի անսահմանափակ թվով թեստեր հանձնել (այսինքն՝ քաղաքացիություն ստանալու համար քննության մասնակցությունը սահամանփակ չի լինի): Քաղաքացիության համար դիմող անձը նախ կկարողանա հանձնել վրաց լեզվի թեստը, այն հաջողությամբ հանձնելուց հետո միայն դիմել պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն՝ քաղաքացիություն ստանալու/վերականգնելու խնդրով: Իսկ, եթե դիմողը չկարողանա հանձնել քննությունը, այդ դեպքում գործակալությունը չի սկսի քաղաքացիության տրամադրման ընթացակարգ՝ այդպիսով խնայելով ժամանակ և ռեսուրս։
  2. Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանում առնվազն 10 տարի կացության պահանջը կրճատվել է (այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որ քաղաքացիության համար դիմող անձը Վրաստանում ապրած լինի 5 տարի)։
  3. Քաղաքացիության համար դիմող անձինք հնարավորություն կստանան անժամկետ վերահանձնել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ թեստը (այսինքն՝ թեստ հանձնելը սահամանփակված չի լինի, հետևաբար դիմողը կարող է այնքան հանձնել քննությունը, քանի դեռ հաջողություն չի գրանցել, իսկ հաջող հանձնած քննության արդյունքն ուժի մեջ կլինի 1 տարի):
  4. Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի վերաբերյալ բացասական որոշման դեպքում քաղաքացիության տրամադրման ընթացակարգի վերսկսման ժամկետը 1 տարուց կրճատվել է 6 ամիս (այսինքն, եթե քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է, 6 ամիս անց կրկին կարելի է դիմել քաղաքացիություն ստանալու համար):

«Օրենսդրական փոփոխության նպատակն է բարելավել արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունները և կատարելագործել քաղաքացիության տրամադրման կարգը»,- հայտնում են պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունից:

Ի դեպ, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր զրկվել են քաղաքացիությունից և ցանկանում են վերականգնել քաղաքացիությունը, հանձնում են միայն վրաց լեզվի քննություն: Իսկ նրանք, ովքեր երբեք չեն ունեցել Վրաստանի քաղաքացիություն, պետք է քննություն հանձնեն վրաց լեզվից, պատմությունից և իրավունքի հիմունքներից:

Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննության թեստերը