Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած, բայց իշխող թիմի արբանյակի դեր ստանձնած հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի խոսքով, երեքշաբթի՝ մայիսի 28-ին, խորհրդարանի լիագումար նիստում կհաղթահարեն «գործակալների օրենքի» վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:
Սուբարին նշել է, որ նախագահի վետոյի վերանայումը խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում տեղի կունենա երկուշաբթի օրը՝ մայիսի 27-ին։
«Մայիսի 27-ին կլինի հանձնաժողովի նիստ, իսկ 28-ին` խորհրդարանի լիագումար նիստ, որտեղ կհաղթահարվի վետոն, և դա տեղի կունենա շատ հեշտ ու շատ արդար, քանի որ (վետոյում-հեղ.) չկան օրինական մեկնաբանություններ»,- ասել է Սուբարին։
Ուշագրավ է, որ մինչ օրս խորհրդարանի հայտարարություններին չի հավելվել իրավական հարցերի հանձնաժողովի նիստը։ Խորհրդարանի բյուրոյի որոշմամբ՝ վետոն փոխանցվել է իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը։