ԱՄՆ Սենատի հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը քննադատել է Վրաստանի կառավարությանը վերջին իրադարձությունների կապակցությամ։ Ըստ նրա` Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է դադարեցնի հարաբերությունների խաթարումը Արևմուտքի հետ։
Հանրապետականի առաջնորդը Սենատի իր ելույթում խոսել է ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքների, այդ թվում՝ Վրաստանում տիրող իրավիճակի մասին։ Նա ասել է, որ Արևմուտքի խաղաղությանն ու բարգավաճմանը ուղղված մարտահրավերները չեն սահմանափակվում միայն Թայվանի նեղուցով և Ուկրաինայով։
«Վրաստանի իշխող կուսակցությունը պետք է գիտակցի Պուտինի քմահաճույքներին ծառայելու և իր ժողովրդի կամքն անտեսելու գինը և չշարունակի հարաբերությունները փչացնել Արևմուտքի հետ»,- ասել է Հանրապետականների առաջնորդը։
Մաքքոնելը հույս է հայտնել, որ իշխող կուսակցությունը կչեղարկի «գործակալների օրենքը»։