Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ, տեղեկացնում է վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը։
Կոբախիձեն Թեհրան է մեկնել արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի ուղեկցությամբ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել րոպեներ առաջ։ Այցի մասին նախապես վարչապետի աշխատակազմը որևէ տեղեկություն չի տարածել։
Թեհրան այցից մի քանի ժամ առաջ՝ ժամը 12-ին, կառավարությունը հայտարարել է, որ Կոբախիձեն այցելել է Թբիլիսիում Իրանի դեսպանատուն, գրառում է կատարել ցավակցական գրքում և ցավակցություն հայտնել Իրանի ժողովրդին։
Հուղարկավորության արարողությանը մասնակցում են տարածաշրջանի երկրների այլ ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին։
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացած են գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում: Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Որոնողափրկարարական խմբերը, որոնց աջակցում էին մի քանի օտարերկրյա կառավարություններ, որոնում էին ուղղաթիռն այն բանից հետո, երբ մայիսի 19-ի ուշ երեկոյան վերջինս վայր էր ընկել երկրի լեռնային տարածքում: