Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն ասում են, որ չեն վախենում իրենց գործունեության մասին տեղեկատվության տարածումից։ Իշխող թիմն այսպես է արձագանքել «Ազատություն ռադիոկայանի» աղբյուրի հիման վրա հրապարակված հոդվածին, ըստ որի՝ «ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որոնք կարող են ոչնչացնել վրացական քաղաքական էլիտայի հեղինակությունը»։
««Վրացական երազանքի» թիմը չի վախենում որևէ տեսակի տեղեկատվության տարածումից․ ով ինչ ուզում է՝ թող հրապարակի: Մենք աշխատում ենք թափանցիկ, ծառայում ենք երկրին ու ժողովրդին»,- լրագրողներին ասել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին։
Օխանաշվիլիի կուսակից, խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին էլ իր հերթին ընդգծել է, որ տեղեկատվության տարածմասն մասին խոսակցությունները նշանակում են երկրի իշխանությունների հետ շանտաժի լեզվով խոսել. «Վրաստանի հետ շանտաժի լեզվով խոսելն անընդունելի է։ Սա շանտաժի լեզու է… Ստացվում է, որ նրանք գաղտնի տեղեկություններ ունեն, որոնք օգտագործելու են շանտաժի համար, իսկ Վրաստանն իրավունք չունի, որ իրենց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները թափանցիկ լինեն հանրության համար…»:
ԱՄՆ-ն վրաստանյան էլիտային հեղինակազրկող տեղեկություններ ունի