Վրաստանում «գործակալների օրենքի» կիրարկման դեպքում ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է վերագնահատեն՝ շարունակե՞լ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը, թե՝ ոչ, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։
Քարփենթերը հայտարարել է, որ Վրաստանում «գործակալների օրենքն» ընթանում է Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի ճանապարհով։ Ըստ նրա՝ դա այն է, ինչը հաճախ օգտագործվում է ավտոկրատական հասարակություններում` քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելու համար: Նրա խոսքով, «Վրաստանը չպետք է դա անի, եթե ցանկանում է շարժվել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով:
«Մենք պետք է գնահատենք այն ուղղությունը, որն ընտրել է Վրաստանի կառավարությունը։ Կան բազմաթիվ միջոցներ, որոնք կարող ենք ձեռնարկել։ Ամենակարևորը՝ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է վերագնահատեն՝ շարունակե՞լ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը։ Սա կարևոր ռազմավարական որոշում է, որը կկայացնեն ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրները», — ասել է Քարփենթերը:
Նա նաև հավելել է, որ Վրաստանի կառավարության վերջին ամիսներին ձեռնարկած քայլերը կազդեն իրենց, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարության որոշման վրա՝ կապված Վրաստանի հետ երկու երկրների գործընկերության հետ. «Հուսով ենք, Վրաստանի կառավարությունը ժողովրդավարության գաղափարին համահունչ քայլեր կձեռնարկի»:
Հիշեցնենք, մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել «գործակալների օրենքի» վրա։ Նրա խոսքով՝ դա «ռուսական օրենք» է և հակասում է թե՛ երկրի սահմանադրությանը, թե՛ եվրոպական չափանիշներին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանը կհաղթահարի «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։
Վրաստանում Ռուսաստանի ազդեցությունը մտահոգում է մեզ. ԱՄՆ ՊՆ խորհրդական