«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը կուսակցությունների ստացած նվիրատվությունները։
2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը բոլոր կուսակցությունները ստացել են, ընդհանուր առմամբ, 1 մլն 224 հազար 111 լարի նվիրատվություն, ինչն ութ անգամ պակաս է նախորդ եռամսյակի համեմատ (10 մլն 163 հազար 787 լարի):
Ըստ TI-ի՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ իշխող «Վրացական երազանքը» ստացել էր մինչև 10 մլն լարի նվիրատվություն, այս անգամ նվիրաբերված գումարը 20 անգամ պակաս է եղել, սակայն կուսակցության դոնորների թվում դեռևս կան բազմամիլիոնանոց պետական մրցույթներ շահած ընկերություններ։
«Վրացական երազանքը» ստացել է կուսակցական նվիրատվությունների 37 տոկոսը՝ 447 հազար 030 լարի, երկրորդ տեղում է ընդդիմադիր «Լելոն»՝ 445 հազար 500 լարի, երրորդում «Միացյալ ազգային շարժումն» (ՄԱՇ) է՝ 170 հազար 720 լարի։
Հաշվետու ժամանակահատվածում 12 հազար 800 լարի նվիրատվություն է ստացել «Համերաշխություն խաղաղության համար» նորաստեղծ և բացահայտ ռուսամետ կուսակցությունը, որի նախագահը «Հայրենասերների դաշինքի» նախկին պատգամավորի թեկնածու Մերաբ Ճիքաշվիլին է։
Նվիրատուների թվով առաջատարը ՄԱՇ-ն է, որը հաշվետու ժամանակահատվածում նվիրատվություն է ստացել 45 անգամ, 35 անգամ նվիրատվություն է ստացել «Լեյբորիստական կուսակցությունը», 31 անգամ՝ «Ժողովրդի համար» կուսակցությունը։ «Վրացական երազանքը» նվիրատվություն է ստացել, ընդհանուր առմամբ, 23 անգամ, թեև նրա դոնորների շարքում խոշոր դոնորների տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է եղել մյուս կուսակցությունների համեմատ։
2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 23 դոնոր «Վրացական երազանքին» նվիրաբերել է ընդհանուր առմամբ 447 հազար 030 լարի: Նվիրաբերողների հետ առնչվող չորս ընկերություններ վերջին 6 ամսում շահել են 81 մլն լարիի տենդերներ: