Իշխող թիմը, ԱՄՆ-ի հետ վիզայի ազատականացման և աջակցության փոխարեն, ընտրում է «ռուսական օրենքը»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կախված է ԱՄՆ-ի «ճիշտ գործողություններից»։ Իշխող կուսակցությունն այսպես է արձագանքել ամերիկյան POLITICO պարբերականի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Վաշինգտոնը կարող է Վրաստանին տրամադրել տնտեսական և անվտանգության մեծ փաթեթ, ինչպես նաև վիզայի ազատականացում, եթե Վրաստանի կառավարությունը դադարեցնի իր հակաարևմտյան հռետորաբանությունը և հետընթացը մարդու իրավունքների հարցում։

«Վրաստանի իշխանությունը չի խաղում: Մենք ընդունում ենք ՀԿ-ների թափանցիկության մասին օրենքը, քանի որ այլևս չենք տեսնում երկիրը հանդարտեցնելու այլ հնարավորություն… Այս օրենքը («գործակալների մասին օրենքը»- հեղ.) մեզ համար առևտրի առարկա չէ, այլ Վրաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու արդյունավետ միջոց, և մենք ոչ մի դեպքում չենք կարող առևտուր անել երկրի ինքնիշխանության հարցում»,- գրել է «Վրացական երազանք»-ը։

Պարբերականը գրել է, որ ծանոթացել է օրինագծին, որն այս շաբաթ Կոնգրես է ներկայացրել Հարավային Կարոլինայի հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը: Փաստաթղթի համաձայն, որը կոչվում է MEGOBARI Act, բացի ամերիկյան շուկաներ մուտքի բարելավումից, կոչ է արվում ազատականացնել ԱՄՆ վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:

Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Վրաստանի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի դեպքում «ԱՄՆ-ը կապացուցի, որ Վրաստանի ռազմավարական գործընկերն է» և «առանց որևէ պայմանի Վրաստանի քաղաքացիներին կտրամադրի վիզաների ազատականացում»։

Նույն հայտարարության մեջ նշվում է, որ գործընկերներն առավելագույնը մեկ տարում կարող են որակապես վերադասավորել իրենց հարաբերությունները. «Այսօր ՀԿ-ների թափանցիկության մասին օրենքի ընդունումն այլընտրանք չունի։ …Եթե դա գիտակցեն, հարաբերությունները շատ արագ կկարգավորվեն, բայց եթե շարունակեն գործել նույն մոտեցմամբ Վրաստանի նկատմամբ, վնաս կհասցնեն Վրաստանի և Ամերիկայի շահերին»:

«Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ չի նշվում «անվտանգության և պաշտպանության զենքի մատակարարման» հարցը, որը նույնպես ներառված է կոնգրեսականի մշակած օրինագծում։

ԱՄՆ-ն Վրաստանի համար վիզաների ազատականացում և օգնության փաթեթ է քննարկում. POLITICO