Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը Երևանում է: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից (ԱԺ) փոխանցել են, որ Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ խորհրդարան:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ողջունելով պատվիրակությանն ասել է, որ խորհրդարանական հարթակում երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են: «Հայաստանն ապրում է իր ինքնիշխանության կարևորագույն օրերից մեկը, և մենք հենց այս օրերին իրականացնում ենք մի գործընթաց, որն անկախությունից ի վեր աննախադեպ է, և լիահույս ենք, որ գործընթացը կհասցվի ավարտին, եւ խաղաղության դարաշրջանի սկիզբը կդրվի մեր տարածաշրջանում»,- ասել է Գաբրիելյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին այս գործընթացում պարբերաբար աջակցելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը համակ ուշադրությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս է հայտնել, որ լարված իրավիճակը կհարթվի, ու Վրաստանը կշարունակի իր ժողովրդավարական ուղին:
Բոլքվաձեն ասել է. «Հայաստանն ու Վրաստանը դարավոր բարեկամներ են և համագործակցում են բազմաթիվ ուղղություններով: 2022 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների երկու հանձնաժողովների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, և համագործակցությունը շատ արդյունավետ է ընթանում»: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպումը Ղազախստանում և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի խաղաղ համակեցությունը: Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին` Բոլքվաձեն նշել է, որ Վրաստանը դեռևս շարունակում է պայքարն իր ինքնիշխանության համար և ամեն ինչ կանի իր անկախությունը պահպանելու ուղղությամբ: Նա կարևորել է խաղաղության հաստատումը երկրում եւ տարածաշրջանում:
Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն փաստել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում, մի շարք ոլորտներում զարգանում է փոխգործակցությունը:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջեւ հաստատված պատմական եւ եղբայրական հենք ունեցող հարաբերությունները, ընդգծել խաղաղության արժեքը, ինչպես նաև քննարկել հուշագրի շրջանակում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով հյուրերին, Ռուբինյանն ընդգծել է՝ վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով: ԱԺ փոխնախագահը խոսել է մշակութային համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին:
Բոլքվաձեն նշել է, որ Վրաստանի խորհրդարանում իր ղեկավարած հանձնաժողովը նորաստեղծ է, և հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր: Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը: