Վրաստանում խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լրացուցիչ փոփոխություններ է կատարում ընտրական օրենսգրքում։
Օրենքի նախագծով, որի հեղինակները խորհրդարանական մեծամասնության անդամներն են, փոխվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում որոշումների ընդունման կարգը։
Մասնավորապես, եթե ԿԸՀ նիստում քվեարկության արդյունքում չընդունվի ԿԸՀ լիիրավ անդամների առնվազն երկու երրորդի աջակցությունը պահանջող որոշումը, ապա այդ որոշումը կվերաքվեարկվի նույն նիստում։ Այդ դեպքում նշված որոշումը կհամարվի ընդունված, եթե պաշտպանի ԿԸՀ ամբողջական կազմի մեծամասնությունը։
Օրինագծի բացատրական քարտում նշված է, որ սա, այսպես կոչված՝ «հակափակուղային մեխանիզմ է, որը կնպաստի ԿԸՀ-ի արդյունավետ գործունեությանը և կկանխի նրա գործունեության խաթարումը»։
Օրինագիծը նաև վերացնում է ԿԸՀ խորհրդատվական խումբը, որը բաղկացած էր Հանրային պաշտպանի գրասենյակի և մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցչի կողմից ընտրված միջազգային և/կամ տեղական փորձագետներից։
Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ խորհրդատվական խումբը ստեղծվում էր ընտրական շրջանում՝ ընտրությունների նշանակման օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում։
Սակայն, ըստ օրենքի նախագծի հեղինակների, փորձը ցույց է տվել, որ այդ խումբն իրականում չի գործում, ինչը «հիմնականում պայմանավորված է դիտորդական կազմակերպությունների՝ այդ խմբի գործունեությանը չմասնակցելու ցանկությամբ»։
Ընդդիմադիրների կարծիքով, նշված փոփոխություններն ընտրությունները կեղծելու ուղղությամբ ևս մեկ քայլ են։
««Վրացական երազանքը» աստիճանաբար չեղարկում է օրենսդրության բոլոր մեխանիզմները, որոնք պաշտպանում են ընտրությունները»,- ասել է «Վրաստանի համար» կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին։
«Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի անդամ Խատիա Դեկանոիձեն Netgazet-ին ասել է, որ նշված փոփոխություններով «Վրացական երազանքը» հրաժարվում է նույնիսկ ցուցադրական ժողովրդավարությունից։