Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը չաջակցեց «օֆշորների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտիվացված դիտարկումները։ Նախագահը մայիսի 3-ին վետո է դրել «օֆշորների մասին օրենքի» վրա։
Հանձնաժողովն այսօր՝ մայիսի 20-ին, քննարկել է «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ նախագահի մոտիվացված դիտարկումները։ Հանձնաժողովի քննարկումներից հետո օրենքը կրկին կվերադարձվի խորհրդարան: Սպասվում է, որ խորհրդարանը լիագումար նիստում կհաղթահարի նախագահի վետոն:
Ապրիլի 19-ին իշխող «Վրացական երազանքը» տնտեսական օգուտներ ստանալու շարժառիթով արագացված կարգով փոփոխություն է կատարել «Հարկային օրենսգրքում», որով հարկային արտոնությունները կտարածվեն օֆշորային գոտիներից բիզնեսը Վրաստան տեղափոխելու վրա։
Իշխող թիմի այդ որոշմանն ընդդիմացողները կարծում են, որ օրենքը համապատասխանում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի շահերին և կապված է պատժամիջոցների հնարավոր ավելացման հետ։
Ուշագրավ է, որ, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի 2021 թվականին պատրաստած ուսումնասիրության, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Իվանիշվիլին 20 օֆշորային ընկերությունների սեփականատեր է: Ընդդիմությունը և որոշ վերլուծաբաններ նույնպես մտավախություն ունեն, որ «փողերի լվացման» ռիսկը մեծանում է օֆշորային ընկերություններում չգործող հարկերի պարագայում։