ԱՄՆ Կոնգրեսին կներկայացվի օրինագիծ, որը կսառեցնի ակտիվները և վիզային արգելք կսահմանի վրացի պետական այն պաշտոնյաների համար, որոնք պաշտպանել են ռուսական ոճի «օտարերկրյա գործակալների» օրենքը, գրել է ամերիկյան POLITICO պարբերականը:
Ըստ POLITICO-ի՝ Թբիլիսին բացահայտ հարձակվում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ ժողովրդավարամետ կազմակերպությունների, ինչպես նաև տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա, միաժամանակ ամրապնդում է կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։
POLITICO-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Հարավային Կարոլինայի հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը երկուշաբթի օրն օրինագիծը կներկայացնի Կոնգրես: Նշվում է, որ պատժամիջոցներ են նախատեսվում պետական պաշտոնյաների և այն անձանց նկատմամբ, ովքեր էական պատասխանատվություն են կրում Վրաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ անվտանգության խաթարման համար: Պատժամիջոցները կներառեն վիզային սահմանափակումները քաղաքական գործիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են «օտարերկրյա գործակալների մասին» ռուսաստանյան օրինակով օրենքի ընդունման համար:
Նշվում է նաև, որ սահմանափակումները կվերաբերեն նաև Վրաստանի արդարադատության և անվտանգության ծառայություններին, որոնք նպաստել են բողոքի ցույցերը ճնշելուն, ինչպես նաև` երկրում Ռուսաստանի և Չինաստանի հավանական գործակալներին։