Վրաստանում «Ընտանիքի սրբության» երթ է ընթանում

Վրաստանում «Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվա» կապակցությամբ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող Քաշվեթիի եկեղեցուց դեպի Սամեբայի (Սուրբ Երրորդություն) տաճար երթ է անցկացվում: Երթին մասնակցում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և կառավարության այլ անդամներ:

Վրաստանի կառավարությունը 2024 թվականի մայիսի 17-ը հայտարարել է որպես ոչ աշխատանքային օր։ Որոշ լրատվամիջոցներ նշում են՝ Թբիլսիում օրը նշելու համար կառավարությունը մարզերից պետաշխատողների է բերել:

Ուշագրավ է, որ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի (ԼԳԲՏՔ+) դեմ պայքարի միջազգային օրն է։ Առաջին անգամ այդ օրը ​​նշվել է 2005 թվականին: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշական է. 1990 թվականի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համասեռամոլությունը հանել է հիվանդությունների ցանկից։

ԼԳԲՏՔ+ համայնքի անդամներն ու նրանց համախոհները փորձում են այս օրը նշել Վրաստանում՝ արմատական ​​խմբավորումների ընդդիմության ֆոնին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013 թվականի մայիսի 17-ին Թբիլիսիում ԼԳԲՏՔ+ ցուցարարների նկատմամբ բռնությունը որակեց «աննախադեպ» և Վրաստանին պարտավորեցրեց 193 հազար 500 եվրո վճարել, քանի որ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշված բռնությունը տեղի է ունեցել «կառավարության լուռ համաձայնությամբ»:

2014 թվականին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մայիսի 17-ը հայտարարել է ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր։

2024 թվականին «Վրացական երազանք»-ի խորհրդարանական մեծամասնությունը մշակել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը էականորեն կսահմանափակի ԼԳԲՏ անձանց իրավունքներն ու ազատ արտահայտվելու իրավունքը։

Ընդգծենք՝ Վրաստանի Սահմանադրության համաձայն, բոլոր քաղաքացիները հավասար են, և չի կարելի մարդուն հետապնդել նրա կարծիքի և արտահայտվելու պատճառով։