Իշխանությունը պատրաստ է խորհրդակցությունների․ Կոբախիձեն՝ Միշելին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջին օրերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ երկու հեռախոսազրույցում էլ հաստատել է՝ իշխանությունը պատրաստ է «գործակալների օրենքի» շուրջ խորհրդակցությունների։ Այս մասին Կոբախիձեն  լրագրողներին տեղեկացրել է Անկարայում։

«Մենք բացարձակապես բաց ենք այս օրենքի հետ կապված ցանկացած տեսակի խորհրդակցության համար, այդ թվում  իրավական նկատառումների հարցով պատրաստ ենք ցանկացած քննարկման»,- ասել է Կոբախիձեն:

Ի դեպ, Կոբախիձեի և Միշելի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը տարածվել է մայիսի 15-ին։ ԵՄ անանուն պաշտոնյան վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին ասել է, որ  երկու զրույցի ընթացքում էլ քննարկվել է «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի» վերաբերյալ հասարակության մտահոգությունների հաղթահարման հնարավոր ուղիների հարցը։

Աղբյուրի համաձայն՝ Միշելը կոչ է արել վարչապետ Կոբախիձեին շարունակել քաղաքական անհանգիստ իրավիճակից ելքի որոնումները։ Միշելն ընդգծել է, որ վրաց ժողովուրդը որոշել է, որ իր ապագան իրենից է կախված, և «համարձակ քաղաքական առաջնորդները» չպետք է խանգարեն ժողովրդին: Նրա խոսքով, Վրաստանը չպետք է վտանգի իր եվրոպական ապագան որևէ դերակատարի կարճաժամկետ քաղաքական ձեռքբերումների պատճառով։

Միշելը Կոբախիձեի ու Զուրաբիշվիլիի հետ խոսել է «գործակալների օրենքի» շուրջ