Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» տեղեկատվությամբ՝ մարտի 22-ին, ժամը 18:00-ի սահմաններում Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են անցել, որոնք, կուսակցության փոխանցմամբ, հավանաբար դեպի Հայաստան ռազմական տեխնիկա են տեղափոխել: Այս մասին գրում է interpressnews.ge պարբերականը՝ նշելով, որ նման հայտարարություն է արել ՄԱՇ կուսակցության անդամ Նուգզար Ծիկլաուրին՝ կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Ծիկլաուրին կառավարության ներկայացուցիչներին և նախագահին կոչ է արել ուսումնասիրել բարձրացված հարցը:
ՄԱՇ-ը ներկայացրել է նաև փաստեր՝ լուսանկար և տեսանյութ:
«Այս պահին Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են ընթանում, որոնք տեղափոխում են փաթեթավորված և օտար աչքից թաքցրած բեռ: Արտաքին տեսքից, մեծ հավանականությամբ, սա ռազմական նշանակության ծանր և թրթուրավոր տեխնիկա է:
Առաջին հերթին ցանկանում ենք դիմել նախագահին և կառավարությանը՝ շտապ պարզել, թե ինչ նշանակություն ունի նշված բեռը: Դեպքի վայրում գտնվող մեր որոշ աղբյուրներ հաղորդում են, որ սա մեծ հավանականությամբ ռազմական տեխնիկա է: Վաղը նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ և կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել: Բեռը հավանաբար տեղափոխվում է դեպի Հայաստան: Ըստ մասնագետների, մեծ հավանականությամբ, սա ռազմական տեխնիկա է՝ այսպես կոչված «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ»,- հայտարարել է Նուգզար Ծիկլաուրին:
Քիչ անց, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմատեխնիկա տեղափոխելու մասին լուրը: