Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: «Մայրերն ընդդեմ ռուսական օրենքի» պաստառով երթի առաջին շարքում երեխաներն են:
Մայրերն իրենց երեխաների հետ «ո՛չ ռուսական օրենքին» վանկարկելով շարժվում են դեպի խորհրդարան:
Նրանք իշխող «Վրացական երազանքի» կառավարությանը կոչ են անում հետ կանչել «ռուսական օրենքը»։ Մայրերը վստահեցնում են, որ Վրաստանի ճանապարհը Եվրոպայում է, ոչ թե Ռուսաստանում։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։