Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) 60 մլն դոլար է վաճառել: Ըստ ԱԲ հաղորդագրության՝ որոշումը կայացվել է վերջին օրերին արտարժույթի շուկայում «զարգացող աժիոտաժային գործընթացների» պատճառով, որն ուղեկցվել է միանվագ խոշոր գործարքներով։
Դոլարի և ավելի քան 40 այլ արժույթների նկատմամբ լարիի արժեզրկումը համընկել է զանգվածային բողոքի ակցիաներին զուգահեռ խորհրդարանի երրորդ ընթերցմամբ «գործակալների օրենքի» ընդունմանը, սակայն բանկն իր հայտարարության մեջ չի նշում այս օրինագծի մասին։
ԱԲ-ն նշել է, որ լարիի արժեզրկումը պայմանավորված չէ մակրոտնտեսական գործոններով, իսկ արժեզրկումը կարճաժամկետ գործընթաց է։
«Ազգային բանկը շարունակելու է վերահսկել շուկան և օգտագործելու է բոլոր առկա լծակները՝ ապահովելու համար ֆինանսական շուկայի կայունությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Արժույթային ինտերվենցիան արտացոլվել է նաև շուկայում. ժամը 17:00-ի դրությամբ Bloomberg առևտրային համակարգում մեկ դոլարի արժեքը նվազել է մինչև 2,76 լարի։
Երեկ՝ մայիսի 15-ին, լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4,57 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 5,7 թեթրիով։ Արդյունքում մեկ դոլարի պաշտոնական փոխարժեքը դարձել է 2,73 լարի, իսկ եվրոյի արժեքը՝ 2,96 թեթրի։
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։ Այս պահին Bank of Georgia Group PLC-ի բաժնետոմսերի գինը նվազել է 13 տոկոսով, իսկ TBC Bank Group PLC-ինը՝ 10 տոկոսով:
Քաղաքական ճգնաժամերը նույնպես ազդում են տնտեսության վրա, նշել է տնտեսական փորձագետ, Վրաստանի ռեֆորմների ասոցիացիայի (GRASS) վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին։
Եթե վետոն հաղթահարվի, Վրաստանում տնտեսական ճգնաժամը հավանական է. փորձագետ