Եվրախորհրդարանը (ԵԽ) Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետ կանչել «ռուսական օրենքը», քանի դեռ ավելի խոր տարաձայնություններ չեն առաջացել երկրի ներսում, և ավելի շատ չեն վտանգվել Վրաստանի միջազգային կարգավիճակն ու եվրոպական ապագան։
Այս հայտարարությունն արել են Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄաքՔալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալիուրանդին և Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միկսերը։
«Մենք ցավում ենք Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունման համար: Մենք հիասթափված ենք, որ իշխող կուսակցությունն անտեսել է մարդու իրավունքների դիտորդների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և ԱՄՆ-ի մտահոգությունները»,- նշված է հայտարարության մեջ:
ԵԽ-ն վերահաստատում է լիակատար համերաշխությունը վրաց ժողովրդի հետ, որը պաշտպանում է ժողովրդավարական արժեքները: Նրանց խոսքով, Թբիլիսիի կառավարությունը պետք է անհապաղ դեէսկալացիայի ենթարկի և ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և ազատ լրատվամիջոցների նկատմամբ ուժի հետագա կիրառումից.
«Ցուցարարների նկատմամբ բռնությունը կամ անընդմեջ ահաբեկումը խաղաղ ցույցի իրավունքի խախտում է և, հետևաբար, անընդունելի է: Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատության համար բարեկամական միջավայրի ստեղծումը ցանկացած ժողովրդավարության հիմքն է և ԵՄ-ին անդամակցելու առանցքային պահանջը»:
Նրանք կոչ են արել Խորհրդին և Եվրոպական հանձնաժողովին վերանայել Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները՝ ներառյալ քաղաքական և ֆինանսական աջակցությունը Վրաստանին. «Կոչ ենք անում Հանձնաժողովին անհապաղ բանավոր գնահատական տալ, թե ինչպես կազդի «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի վրա»: