«Եվրամիությունը կդադարեցնի անդամակցության գործընթացը, եթե Վրաստանում ուժի մեջ մտնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը», տեղեկացրել է Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթը:
Financial Times-ի հոդվածում նշված է, որ չնայած ամիսներ ձգվող ցույցերին և Բրյուսելի բազմաթիվ զգուշացումներին՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեքշաբթի օրն ընդունել է օրինագիծը:
ԵՄ-ի երեք պաշտոնյաներ Financial Times-ին ասել են, որ անդամակցության բանակցություններն սկսելու դաշինքի որոշումը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի անորոշ ժամանակով, եթե օրենքն ուժի մեջ մտնի:
«Մենք շատ պարզ ասել ենք` դա (օրենքը — հեղ.) ամեն ինչ կասեցնելու է: (Վրացական իշխանությունները — հեղ.) գիտեն, թե ինչն է վտանգված», — լրատվամիջոցին հայտնել է աղբյուրը, որը տեղեկացրել է վերջին օրերին Վրաստանի և ԵՄ պաշտոնյաների միջև քննարկումների մասին:
Ըստ հրապարակված հոդվածի` պաշտոնյաները պնդել են, որ եթե օրենքն ուժի մեջ մտնի, հանձնաժողովը Վրաստանի հետ անդամակցության հարցով բանակցություններ սկսելու վերաբերյալ հանձնարարական չի տա։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։
«Վրաստանի խամաճիկների տերը շրջվում է դեպի Մոսկվա». Financial Times