Ցուցարարները եվրոպացի ԱԳ նախարարների հետ շարժվում են խորհրդարան

Թբիլիսիի Հերոսների հրապարակում «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարարները երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք: Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ՝ ցուցարարներից շատերը ուսանողներ են:

Ուշագրավ է նաև, որ Ռուսթավելիի պողոտա հասած ցուցարարների երթի շարքում են Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները։ «Ռուսական օրենքին» դեմ ակցիայի մասնակիցների հետ եվրոպացի արտգործնախարարները շարժվում են դեպի խորհրդարանի շենք, որտեղ սպասվում է, որ նրանք հանդես կգան ելույթով:

Հիշեցնենք, որ ուսանողները երթը սկսել էին Մարջանիշվիլիից, այնուհետև Ֆիլհարմոնիայի մոտ փակել էին Կոստավայի փողոցը, որտեղից շարժվել էին դեպի Հերոսների հրապարակ ու փակել խաչմերուկի բոլոր ուղիները։

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։