Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին հավանություն է տվել մարտի 1-ին Խորհրդարանի ընդունած Գաղտնալսումների մասին օրենքի փոփոխություններին: Հիշեցնենք, որ նախագահ Մարգվելաշվիլին վետո է դրել փոփոխությունների փաթեթի վրա, որը հիմնականում վերաբերում է քաղաքացիների հեռախոսազանգերի հնարավոր լսումներին: Պետության ղեկավարը գտնում է, որ օպերատիվ-տեխնիկական գործակալությունը չպետք է գործի Ազգային անվտանգության ծառայության ենթակայությամբ, քանի որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը: Մարգվելաշվիլին առաջարկում է գործակալությունը դարձնել Վրաստանի վարչապետին կից հատուկ գերատեսչություն, որը կարող է վերահսկել վարչապետը: Նախագահը պնդում է, որ հաղորդակցող ընկերություններին տեխնիական սարքեր տրամադրելու համար պետք է վճարի ԱԱԾ-ն: Այս տեսակետը չի կիսում Կվիրիկաշվիլին։
«Սա շատ կարևոր օրենսդրական նախագիծ է, որը մեծ դեր ունի երկրի անվտանգության համար: Այն կառույցը, որի մասին խոսք է գնում, վերջնական արդյունքում, այսպես թե այնպես ենթարկվելու է կառավարությանը: Մենք գտնում ենք, որ նախագիծը պետք է ընդունվի այն տեսքով, որով ընդունել է Խորհրդարանը»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ Գաղտնալսումների մասին վիճելի օրենքը խորհրդարանն ընդունեց մարտի 1-ին: Ըստ դրա՝ Վրաստանում ստեղծվում է օպերատիվ-տեխնիկական գործակալություն, որը պետք է իրականացնի քաղաքացիների հեռախոսազրույցների լսում, վերահսկի համացանցի հաղորդագրությունները՝ պետության համար սպառնալիք պարունակող տեղեկությունների հիմքով: