Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում խոսել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը վերջին ընթերցմամաբ հաստատվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակի և գալիք ընտրությունների մասին։
Զուրաբիշվիլին հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բնորոշել է որպես հանրաքվե, որում ինքը առաջնորդելու է եվրոպամետ ճակատը:
Նախագահը նաև խոստովանել է, որ օրենքի վրա իր վետոն խորհրդանշական նշանակություն կունենա, քանի որ իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնություն է. «Սա միակուսակցական կառավարման մոնոլիտ մեծամասնություն է… Ես, անշուշտ, վետո կդնեմ, բայց այն միայն խորհրդանշական իմաստ կունենա»:
Նախագահն իր հարցազրույցում առաջիկա ընտրություններում հաղթելու համար հանրությանը և քաղաքական կուսակցություններին համախմբվելու կոչ է արել՝ ընդգծելով․ «դա է եվրոպական ճանապարհը»։
Զուրաբիշվիլին խոսել է նաև Վրաստանում երրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծի և 2012 թվականին Ռուսաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների» օրենքի սերտ նմանության մասին, որն օգտագործվում էր քաղաքացիական հասարակության դեմ լայնածավալ ռեպրեսիաների համար։ Նրա խոսքով, այս օրենքով և կառավարության հռետորաբանությամբ Վրաստանում առաջին անգամ է, որ 30 տարվա գործընկերություն ունեցող երկրները բացահայտվում են որպես օտար ուժեր, որոնք «ցանկանում են չարիք գործել և պատերազմել Վրաստանի համար»։
Ի դեպ, իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Դրան աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։