Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը դատապարտել է Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումները և խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը։
Այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը մայիսի 14-ին վերջին՝ երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը» («գործակալների մասին օրենքը») Ռուսոպուլոսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորհրդարանը շատ արագ ընդունեց վիճահարույց օրենքը։
ԵԽԽՎ նախագահը պահանջում է օրենքի հակառակորդների և ոստիկանության ուժի կիրառման, հարձակումների լիարժեք և թափանցիկ հետաքննություն, պաշտպանել բողոքի ակցիաների մասնակիցների, քաղհասարակության ակտիվիստների, լրագրողների և պատգամավորներ անվտանգությունը:
Ռուսոպուլոսի խոսքով, հաջորդ շաբաթվա սկզբին կհրապարակվի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրինագծի» վերաբերյալ։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը կոչ է անում վրացի օրենսդիրներին՝ օրենքի կիրարկումից առաջ հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը