Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը արձագանքել է Վրաստանի խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» ընդունմանը:
Պիերը հայտարարել է, որ Սպիտակ տունը խորապես մտահոգված է Վրաստանում Կրեմլից ոգեշնչված «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունմամբ: Պաշտոնական Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի օրենքի վրա։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզ չէ՝ արդյոք խորհրդարանը կհաղթահարի վետոն, թե ոչ, մենք ուղղակիորեն մեր մտահոգությունն ենք հայտնում այն օրենքի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարությքանը և կհեռացնի Վրաստանը Եվրամիության արժեքներից ու ՆԱՏՕ-ից»,— radiotavisupleba-ի փոխանցմամբ ասել է Պիերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև նշել է՝ Վրաստանի ժողովուրդն այս օրենքի վերաբերյալ արտահայտում է իր տեսակետը՝ բողոքելով փողոցներում: Ըստ նրա՝ անցած շաբաթավերջին «տեսանք Վրաստանի պատմության ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը՝ տասնյակ հազարավոր խաղաղ մասնակիցներով, ովքեր չընկրկեցին ահաբեկման մարտավարությանը և իրենց կառավարությանն ասացին՝ դեմ լինել այս օրենքին, քանի որ ցանկանում են եվրաատլանտյան ապագա»:
Նա ընդգծել է՝ օրենքի վերջնական ընդունումը Սպիտակ տանը կստիպի՝ հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ։
Ի դեպ, իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Դրան աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։
Խորհրդարանը 10 օրվա ընթացքում օրենքի նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրելու։ Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։ Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել:
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը