Վրաստանի ԿԳ նախարարն առաջարկում է կրճատել բուհերի այն ֆակուլտետները, որոնցում ուսումը 100 %-ով ֆինանսավորում է պետությունը՝ պետական քննության ժամանակ դիմորդի կողմից նվազագույն բալեր ստանալու դեպքում:Այսօրվա դրությամբ Վրաստանում պետությունն ամբողջովին ֆինանսավորում է ուսումը 21 ֆակուլտետում, սրանք այն ֆակուլտետներն են, որոնք ուսանողության շրջանում մեծ պահանջարկ չունեն, և որոնցում միշտ ուսանողների պակաս կա: Նման ֆակուլտետներ ընդունվելու համար մրցույթ չկա, բավական է միայն հաջողությամբ հանձնել միասնական պետական քննությունը: Պետական դրամաշնորհ ուսման համար տրվում է ըստ Կրթության նախարարության առաջնային ուղղությունների: Խոսքն այնպիսի մասնագիտությունների մասին է, ինչպիսիք են հողագործությունը, անասնաբուժությունը, անասնաբուծությունը, անտառագործությունը և այլն: Ալեքսանդրե Ջեջելավան այն կարծիքին է, որ վերջին ժամանակերս նշված ֆակուլտետները ապաստան են դարձել այն ուսանողների համար, ովքեր չեն կարողացել ընդունվել այլ մասնագիտություններով:
«Անվճար ֆակուլտետներում ակադեմիական առաջադիմությունը շատ ցածր է: Ես կցանկանայի, որ անվճար ֆակուլտետներում ուսումը կախված լիներ բարձր առաջադիմությունից: Սա լավ է այն դեպքում, երբ իսկապես սովորում ես և մասնագետ դառնում»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ֆակուլտետների ֆինանսավորման նոր համակարգում այս ուղղությամբ անպայման փոփոխություններ են լինելու և անվճար ֆակուլտետում տեղ է ունենալու միայն այն ուսանողը, ով իսկապես սվորում է և արդյունքի հասնում: