Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող զարգոացումներին՝ Instagram-ի իր էջում հրապարակելով լուսանկարներ թբիլիսյան ցույցերից։
Գերմանացի նախարարը նշում է, որ մի քանի շաբաթ է՝ Վրաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոց հաջակցություն եվրաանդամակցության։ Ըստ Բերբոկի` տասնյակ հազարավոր վրացիներ ցույց են տալիս, որ «Եվրոպայի սիրտը չի բաբախում միայն Վարշավայի և Լիսաբոնի միջև»։
Բերբոկը նշել է՝ Վրաստանի քաղաքացիները բողոքում են կառավարության նախաձեռնած օրենքի դեմ, որը նպատակ ունի՝ սահմանափակել հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության աշխատանքը, որոնց մի մասը ֆինանսավորվում է դրսից։
Նա ընդգծել է՝ ԵՄ անդամակցության համար էական նշանակություն ունեն օրենքի գերակայությունը, ժողովրդավարական չափանիշները և լրատվամիջոցների ազատությունը:
«Տասնյակ հազարավոր վրացիներ ցույց են տալիս, որ Եվրոպայի սիրտը չի բաբախում միայն Վարշավայի և Լիսաբոնի միջև։ Այն Թբիլիսիի փողոցներ բերեց այս ժողովրդավարական, աշխույժ և քննադատական քաղաքացիական հասարակությունը: Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը պատմական հնարավորություն է: Եվ կառավարության գործն է լսել այս ձայնը»,- գրել է Բերբոկը:
Ի դեպ, երեկ՝ մայիսի 13-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Օրինագիծը խորհրդարանում կքվեարկվի այսօր: Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը երեկ տևել է ընդամենը 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։