Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ նշել է, որ աջակցում է վրաց ժողովրդին, որը համակարգված և ճնշող մեծամասնությամբ աջակցել է երկրի ժողովրդավարական ուղուն։

Freedom House-ը հայտարարել է, որ միանում է վրաց քաղահասարակությանը՝ տագնապ հայտնելով վրացական իշխանությունների՝ «օտարերկրյա գործակալների» օրենք ընդունելու երկրորդ փորձի կապակցությամբ, որը կպահանջի քաղաքացիական հասարակության որոշ խմբերի և լրատվամիջոցների գրանցումը որպես «կազմակերպություններ, որոնք սպասարկում են օտար ուժերի շահերը»:

Հայտարարության մեջ նշվում է՝ եթե ​​այս օրենքն ընդունվի, ապա այն կխարանի օրինական քաղաքացիական գործողությունները և անկախ լրատվամիջոցները, և կառավարությանը նոր հնարավորություններ կտա տուգանելու կամ այլ կերպ պատժելու այն հասարակական կազմակերպություններին (ՀԿ), որոնց աշխատանքին իրենք հավանություն չեն տալիս:

«Այն Վրաստանին կդասի Ռուսաստանի և Ղրղզստանի նման ռեպրեսիվ ռեժիմների շարքին, որոնք միտումնավոր նմանատիպ միջոցներով աշխատել են քաղաքացիական հասարակության ոչնչացման ուղղությամբ, և զգալի խոչընդոտ կստեղծի Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ջանքերին: «Վրացական երազանք» կուսակցությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ հետ կանչել առաջարկվող օրենքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Freedom House-ը դատապարտում է շարունակական ճնշումներն ու բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ներառյալ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և զանգվածային ձերբակալությունների կիրառումը:

Ի դեպ, երեկ՝ մայիսի 13-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անցկացնում։ Օրինագիծը խորհրդարանում քվեարկվության կդրվի այսօր: Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն երեկ տևել է ընդամենը 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։